հայ | eng

Որբաքաղաքը․ նպաստամատույցի աշխատողներ, կոմիսարներ և «նոր Հայաստանը կառուցողներ» Ալեքսանդրապոլ/Լենինական 1919-1931

Նորա Ն․ Ներսեսյան Թարգմանիչ՝ Հասմիկ Հարությունյան Սույն հատորը բաղկացած է չորս մասից: Առաջին մասում խոսվում է այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցրին Ալեքսանդրապոլում որբերի քաղաքի ձևավորմանն այնպիսի ժամանակներում, երբ քաղաքը, ռազմական անհրաժեշտությունների թելադրանքով, ենթարկվում էր մարդկային ու ֆիզիկական արմատական փոփոխությունների։ Ներկայացվում են օգնության առաջին կազմակերպումն ու որբերի խնամքը, 1918 թ. վաղ գարնանը նպաստամատույցի աշխատողների առաջին հեռացումը և մոտ մեկ տարի անց նրանց վերադարձը, Ալեքսանդրապոլում որբերին կուտակելու առաջին փորձերն ու այդ առիթով եղած մտահոգությունները, 1920 թ. մայիսին Հայաստանից Միջին Արևելքի նպաստամատույցի (ՄԱՆ) երկրորդ ու հանկարծակի հեռացումը և վերադարձը մի քանի ամիս անց։ Երկրորդ մասում, որն ընդգրկում է 1920-ականների տասնամյակը, ներկայացվում է 1920 թ. աշնանն Ալեքսանդրապոլում տեղի հեղափոխական կոմիտեի կողմից ՄԱՆ-ի հանդեպ բացասական վերաբերմունքը, որին հաջորդում է երրորդ հեռացումը՝ այս անգամ 1920 թ. դեկտեմբերին՝ Մուստաֆա Քեմալի հովանու ներքո դեպի Կարս, դրան հաջորդած 1921 թ. խոր ձմռանը 6.000-7.000 որբերի Կարսից հեռացումը դեպի Ալեքսանդրապոլ, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) եռանդագին խնդրանքներից հետո ՄԱՆ-ի վերադարձը Հայաստան, ՄԱՆ-ի ու ՀԽՍՀ-ի ղեկավարների միջև բանակցությունների ու համագործակցության վաղ փուլը, որից պարզ է դառնում, որ Խորհրդային Հայաստանի առաջին ղեկավարների վարած քաղաքականությունն ավելի նուրբ է եղել, քան հաճախ ներկայացվում է։ Այնուհետև երկրորդ մասում ներկայացվում են որբերին Ալեքսանդրապոլում կենտրոնացնելու գործի ավարտը, 1920-ականների առաջին տարիներին ՄԱՆ-ի ծրագրերի ընդլայնման ուղեծիրը, որբերի կրթության ու դաստիարակության հարցերում ՀԽՍՀ-ի քաղաքականությունը և ավարտվում է որբաքաղաքի հանրության կտրուկ նվազմամբ։ Երրորդ մասում խոսվում է որբաքաղաքը Պոլիգոնում վերակազմավորելու և ծախսերի կրճատման, ՄԱՆ-ի ու ՀԽՍՀ-ի միջև տարաձայնությունների աճի մասին, ինչին 1931 թ. գարնանը հետևում է ՄԱՆ-ի վերջնական հեռացումը։ Երրորդ մասի վերջին գլուխը բաղկացած է որբաքաղաքից դուրս գոյություն ունեցող աշխարհին միանալուց հետո մի քանի որբերի ու որբանոցի աշխատողների կյանքի հպանցիկ ակնարկներից։ Չորրորդ մասում ամփոփված է երկու ցանկ՝ երկուսն էլ անկատար, որոնք միասին պատկերացում են տալիս որբերի համայնքի և որբաքաղաքի աշխատակիցների մասին։ Այս գիրքը մի փորձ է հարգանքի տուրք մատուցելու երեխաների մի սերնդի, որն ունեցավ ամեն բան կրելու արիությունը և կյանքի վայրիվերումներն այս կամ այն կերպ դիմակայելու վճռականությունը։

Գլխավոր էջի պատկերաշարի լուսանկարը պահվում է Ռոքֆելլեր արխիվային կենտրոնում, Սլիփի Հոլոու, Նյու Յորք, Մերձավոր Արևելքի հիմնադրամի հավաքածու, լուսանկարաշար, տուփ 145: