Վաչե Սարգսյան
Վաչե Սարգսյանի Ակեղդամա վեպը խորհրդահայ սիբիրյան աքսորի գրականության յուրօրինակ նմուշ է: Հեղինակը սկսել է գրել վեպը 1960-ական թթ.` ՊԱԿ-ի բանտերում և գուլագյան ճամբարներում 16-ամյա ազատազրկումից վերադառնալուց հետո: Ակեղդամա ընդհանուր խորագրի տակ հավաքված են երեք գիրք` Անկրկնելի պատմություն, Հավերժական սառածություն և Արյան ագարակ: Վեպի գլխավոր հերոսի, որ մեծ մասամբ ինքը` հեղինակն է, աչքերով բացահայտվում է գուլագյան դաժան իրականությունը: Սարգսյանը, խրախուսված Վասիլի Գրոսմանի հետ հանդիպումից` գրել և բացահայտել Խորհրդային Գուլագի մասին ճշմարտությունը, վեպի առաջին տարբերակն ավարտում է 1964-ին, որը հաստատվում է հրատարակության խրուշչովյան ձնհալի այս վերջին տարում: Վերջին պահին, սակայն, վեպը դուրս է հանվում հրատարակությունից, բայց Սարգսյանը շարունակում է աշխատել մինչև իր ինքնասպանությունը` 1987 թ.:
Վեպի առաջին և երկրորդ հատորները հասանելի են Երևանի գրադարաններում և գրախանութներում: Հովհաննիսյան ինստիտուտը հրատարակության է պատրաստում եռագրության երրորդ հատորը:
Գիրքը լույս է ընծայվում Սարգսյանի ընտանիքի և Հովհաննիսյան ինստիտուտի համատեղ ջանքերով: