«Արվեստը երեխաների համար» գրքերի շարքը նպատակ ունի երեխաներին որակյալ, մատչելի, խաղային և ինտերակտիվ եղանակներով ծանոթացնել արվեստի պատմության և արվեստի գործերի հետ, զարգացնել նրանց տեսողական գրագիտությունն ու ստեղծագործական հմտությունները։
Առանցքային է արվեստի դերը վաղ մանկական զարգացման փուլում: Երեքից վեց տարեկան հասակում երեխաները չափազանց հետաքրքրասեր են: Նրանք դիտում են, հետազոտում, ընդօրինակում` փորձելով պարզել, թե ինչ կառուցվածք ունի շրջապատող միջավայրը: Հետաքրքրասիրությունը և աշխարհը փորձարկելով ճանաչելը ձևավորում են նրանց: Օգտագործելով երեխաների աշխարհընկալման եղանակները` հնարավոր կլինի բերել նրանց արվեստի աշխարհ, ինչը կօգնի երևակայության զարգացմանը, աշխարհը պատճառահետևանքային կապերի մեջ ընկալելուն և վաղ տարիքում հիմք կդնի քննադատական մտածողության զարգացմանը:
Շարքի նպատակն է երեխաներին ծանոթացնել արվեստային մտածողության տարբեր շերտերին` գրքում ներառելով արվեստի պատմական տարբեր շրջաններ և ամենատարբեր արվեստային տեխնիկաներ։ Ծրագիրը նպատակ ունի նաև խաղային սկզբունքներով կառուցված ուսուցողական առաջադրանքների միջոցով ընդհանուր պատկերացում և գիտելիք տալ երեխաներին արվեստի և արվեստի գործի հիմքում ընկած ստեղծագործական պրոցեսների մասին։
Ծրագիրն իրականացվում է Լիլիթ Անտոնյան-Կոնոպլյովայի աջակցությամբ։