Դավիթ փիլիսոփան

Միսաք Խոստիկյան

«Ներքին գրոց» մատենաշարի շրջանակում հրատարակվել է աստվածաբան և փիլիսոփա Միսաք Խոստիկյանի Դավիթ փիլիսոփան ավարտաճառը, որը նա պաշտպանել է Բեռնի համալսարանում 1907 թվականին: Պաշտպանության հենց նույն տարում աշխատությունը հրատարակվել է «Փիլիսոփայության և նրա պատմության բեռնյան հետազոտություններ» մատենաշարում, որը խմբագրում էր փիլիսոփա և աստվածաբան Լյուդվիգ Շտայնը: Ավարտաճառը Դավիթ Անհաղթի մասին հայ հեղինակի կողմից գրված առաջին փիլիսոփայական աշխատությունն է, որը Խոստիկյանը նվիրել է իր պրոֆեսորներից՝ աստվածաբան Կարլ Մարտիին: Խոստիկյանը «գրաքննադատական» վերլուծության հիման վրա փորձում է պարզել Դավթի տեղն ու փիլիսոփայական նշանակությունը Ալեքսանդրյան դպրոցի ու դրա ավանդույթի ներսում: Մնալով Դավթի մասին իր ժամանակի գիտական կարծիքի ուղեծրում (Ադոլֆ Բուսսե, Հակոբ Մանանդյան և այլք), Խոստիկյանը եզրակացնում է, որ Դավթի լայն ընդունելությունը հայերի շրջանում «հունական ոգու դյութանքի» ապացույց է:

Խոստիկյանի աշխատությունը, թեև դրել է Դավթի փիլիսոփայական հետազոտման սկիզբը հայերի շրջանում, բայց այդ սկիզբը մի զգալի չափով եղել է «բացասական», քանզի 1940-ականներին ձևավորված Դավթի փիլիսոփայության խորհրդահայ հետազոտության կարևոր ելակետերից էր Խոստիկյանին հակազդելը: Այս յուրօրինակ «քննադատական մեկնակետի» դերն է, որ, ի թիվս այլոց, Խոստիկյանի աշխատությունը դարձնում է հայ մտավորական պատմության առանձնահատուկ և հայերենով ցարդ անհասանելի երևույթներից մեկը, որի հեղինակը զոհ գնաց ստալինյան մաքրումներին: Ավարտաճառի թարգմանությանը զուգորդելու է գերմաներեն հանդիպադիր բնագիրը: Գիրքը համալրվելու է գիտական ներածությամբ, ծանոթագրություններով: Իբրև հավելված կհրատարակվեն Բեռնի քաղաքային արխիվից ձեռք բերված Խոստիկյանին վերաբերող արխիվային նյութեր, նրա մի քանի հոդվածներ, ինչպես նաև ավարտաճառի՝ Գարեգին Հովսեփյանի գրախոսությունը:

Գիրքը հրատարակվել է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ֆինանսական աջակցությամբ: