Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը

Աշոտ Հովհաննիսյան
Կազմող և ընդհանուր խմբագիր՝ Վարդան Ազատյան
Երևան, Հովհաննիսյան ինստիտուտ, 2016
ISBN 978-9939-1-0315-0

 

Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը գիրքը «Ներքին գրոց» մատենաշարի առաջին հատորն է, պատմաբան և քաղաքական գործիչ Աշոտ Հովհաննիսյանի՝ 1913 թվականին Մյունխենում պաշտպանած դոկտորական ավարտաճառի հայերեն գիտական հրատարակությունը՝ հանդիպադիր գերմաներեն բնագրով: Գիրքը համալրված է Հովհաննիսյանի աշխատանքային նոթերով, ինչպես նաև ծավալուն ծանոթագրություններով, որոնք թույլ են տալիս տեսնել ավարտաճառի զարգացումն ընդհուպ մինչև նրա երկհատոր ուսումնասիրությունը՝ Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության: Գրքում հրատարակված են նաև Հովհաննիսյանի գերմանացի պրոֆեսորների կարծիքներն իրենց ուսանողի ավարտաճառի մասին, ինչպես նաև ավելի ուշ՝ 1955 թվականին նույն թեմայով Երևանում պաշտպանած իր դոկտորական ատենախոսության առիթով ասված ճառը: Գիրքն ամփոփում է Հովհաննիսյանի կյանքի ու գործի մասին Վարդան Ազատյանի ուսումնասիրությունը:

Հովհաննիսյանն իր ավարտաճառում առաջադրում է հայոց պատմության քննական ու դինամիկ մի ըմբռնում: Նա մատնանշում է Հայաստանում իրարահաջորդ օտար տիրապետությունների միջև հակասությունները մի կողմից, ներքին հասարակական ներհակությունները մյուս կողմից, և այս երկու՝ ինքնին շարժուն գործընթացների փոխհարաբերությունն ու սրանց լարումների մեջ սաստկացող ազատագրական գաղափարի ու գործունեության զարգացման ուղիները՝ որպես հայերի քաղաքական արդիականացման ճանապարհ: Հակասություններով զարգացող այս բարդ գործընթացների ենթական, որոշակի կետից սկսած, դառնում է Իսրայել Օրին, ով «սկզբում անգիտակցաբար, իր հայրենակիցների քաղաքական գիտակցության պատմության մեջ ազդարարել է մի նոր ժամանակ, քանզի վերջ ի վերջո ինքն է հարկադրված եղել ազատելու իր իսկ քաղաքական մտածողությունը հայկական միջնադարի այն դոգմատիկ պատկերացումներից ու պատմական վերհուշերից, որոնք դեռ շարունակում էին ապրել իր մեջ»:

Գիրքը լույս է տեսել Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության աջակցությամբ և հասանելի է Երևանի գրադարաններում և գրախանութներում: