«Ներքին գրոց» մատենաշարի շրջանակում հայերեն թարգմանվում են և հրատարակվում 19-րդ դարի առաջին կեսից մինչև 20-րդ դարի առաջին կեսը եվրոպական և ամերիկյան համալսարաններում ուսանած հայ գիտնականների ավարտաճառերը: Թարգմանությունները հրատարակվում են բնագրերի հետ՝ համալրված հայերեն ներածական հոդվածով, ծանոթագրություններով և անգլերեն սեղմագրերով: Արխիվներում և գրադարաններում պարփակված, այս աշխատությունների գիտական շրջանառությունը եղել է խիստ սահմանափակ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ լեզվական պատճառներով. մի կողմից, այդ աշխատությունների հեղինակների մեծ մասը դարձել են ստալինյան բռնապետության զոհեր, մյուս կողմից, աշխատությունները գրված են եղել օտար լեզուներով: Նախագծի անվանումը` «ներքին գրոց», հղում է հայ վաղմիջնադարյան իրադրությանը, երբ գրերի գյուտից հետո, 5-6-րդ դարերում, հրատարակվում էին գիտական՝ եկեղեցական գրականության համեմատ «արտաքին գրյանք»: Այս գործում զգալի դեր ուներ հունաբան դպրոցն ու հունարեն տեսական գրականության այդ դպրոցի հայերեն թարգմանությունները: Թարգմանական այս ջանքերի շնորհիվ սկիզբ դրվեց հայերենը փիլիսոփայական մտածողության լեզու դարձնելու գործին: Եթե միջնադարում հայերենի այս փոխակերպումը մեծամասամբ հնարավոր էր օտար հեղինակների թարգմանությամբ, ապա արդի դարաշրջանում հայ հեղինակները հայկական համատեքստին վերաբերող թեմաներն էին փոխարկում օտար լեզվի, երբ Եվրոպայի և Միացյալ Նահանգների համալսարաններում գրում էին իրենց ավարտաճառերը: Այս դեպքում, հայկական մշակույթի ինքնակայացումը տեղի էր ունենում օտար համատեքստի մեջ ներգրավվելով, երբ սեփական ազգային հենքը վերընթերցվում էր ուրիշի հետ շփման մեջ: Արդյունքում, այսօր կանգնած ենք հայ հեղինակներին ետ՝ դեպի հայերեն թարգմանելու մարտահրավերի առջև, այստեղից էլ մատենաշարի անվանումը՝ «Ներքին գրոց»:
Մատենաշարի ցանկը
1. Աշոտ Հովհաննիսյան, Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը (1913)
2. Միսաք Խոստիկյան, Դավիթ փիլիսոփան (1907)
3. Գարեգին Հովսեփյան, Միակամության առաջացման պատմությունը (1897)
4. Հովհաննես Հակոբյան, Հայերի և ֆրանկների հարաբերությունները Լևոն II-ի գահակալության օրոք, 1186-1219թթ․ (1905)
5. Սիրարփի Տեր-Ներսիսյան, Վենետիկի Մխիթարյան հայրերի մատենադարանի XII, XIII, XIV դարերի հայկական նկարազարդ ձեռագրեր, առաջաբանը՝ Գաբրիել Միլլեի, 2 հ. (1937), Բառլաամ և Հովսափաթ վեպի նկարազարդումը, առաջաբանը՝ Շառլ Դիլի (1937)
6. Ավետիս Ահարոնյան, Հայոց հին հավատալիքները (1913)
7. Հակոբ Զորյան, Հայ ժողովրդի սոցիալական շերտավորումը միջնադարում (1925)
8. Հայկ Հովհաննիսյան, Հայոց գրական դիմանկարը (1912)
9. Մանուկ Աբեղյան, Հայ ժողովրդական հավատքը (1899)