Վարդան Ազատյան
Երևան, Հովհաննիսյան ինստիտուտ, 2019
ISBN 978-9939-9176-1-0
2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխության տարելիցի կապակցությամբ հրատարակվող այս գրքույկը եղելության հեղինակի ըմբռնումն է ներկայացնում: Կատարվածը մտածելու, իրադարձն իրենով իսկ ըմբռնելու նպատակ ունի գրքույկը: Ու քանի որ հեղափոխություններն էապես ստեղծագործական գործընթացներ են, դրանց համարժեք ըմբռնումը չի կարող հաջողել առանց երևակայող մտածողության: Գրքույկը, ուստի, ոչ թե հեղափոխության վերլուծություն է, այլ հեղափոխություն անելու ընդունակ հայաստանյան մշակութային ուժերի փիլիսոփայական վերհանում:
Գրքույկը բաղկացած է երկու մասից՝ բուն տեքստից և հավելվածից: Վերջինս կազմված է տեքստի փաստարկները հիմնավորող և ընդարձակող պատմական վավերագրերից, որոնց գրքույկի հեղինակը հղում է բուն տեքստում: Հավելվածում վերահրատարակված են Միքայել Նալբանդյանի, Լեոյի, Աշոտ Հովհաննիսյանի տեքստերը, որոնք հայության պարագայում բացահայտում են, ինչպես ավանդական մշակույթի և արդիականացման գործընթացների միջև լարումները, այնպես էլ ավանդական բարքի հեղափոխական ներուժը: Այս վերջին տեսակետից հատկապես հետաքրքրական է «Սլիկ երեց» ժողովրդական հեքիաթ-առակը, որով էլ ամփոփվում է հավելվածը: Այսպիսով, գրքույկը այժմեական իրադարձը հանդես է բերում տեղական ավանդույթի հետ կապի մեջ, իսկ տեղական ավանդույթը՝ այժմեական լուսավորությամբ:
Գրքույկը հասանելի է Երևանի գրադարաններում և գրախանութներում: