Արձանագրումներ

Հետազոտական ցուցահանդես
հոկտեմբերի 3 – դեկտեմբերի 13, 2015

Ցուցահանդեսում ներկայացված են արվեստագետ Մհեր Ազատյանի անձնական հավաքածուն, ինչպես նաև Ժամանակակից արվեստի ինստիտուտում իրականացված նույն հավաքածուի արխիվացման նախագիծն ու Ազատյանի ուշ շրջանի մի քանի գործեր: Ազատյանի անձնական հավաքածուն, բաղկացած 1990-ականներին գործող երիտասարդ արվեստագետների ընկերական մի խմբի (Մհեր Ազատյան, Վահրամ Աղասյան, Դավիթ Կարեյան, Սամվել Հովհաննիսյան և Հարություն Սիմոնյան) աշխատանքների հետքերից, տեսանելի է դարձնում Ազատյանի՝ որպես արվեստագետի ձևավորման հիմքերը՝ իբրև մեկնակետ ընդունելով 1994 թվականի PS Evolution ցուցահանդեսը: Արձանագրումներ ցուցահանդեսը հնարավորություն է տալիս երիտասարդ արվեստագետների 1994-96 թվականների աշխատանքին մոտենալ հետահայաց՝ Ազատյանի դիտանկյունից:

Ցուցահանդեսը երկրորդն է Ակումբի (The Club) 2015 թվականին վերաբացված ցուցասրահում: Ցուցահանդեսների շարքն իրականացվում է Ակումբի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ: Ցուցահանդեսի գործընկեր՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտ:

Ցուցահանդեսի համադրողներն են Աննա Ժամակոչյանը և Նարէ Սահակյանը: