Զարեհ Որբունու վիպային ժառանգության հանրային ներկայացումներ ծրագրով Հովհաննիսյան ինստիտուտում իրականացվում է սփյուռքահայ գրող Զարեհ Որբունու վիպային ժառանգության հրատարակությունն ուղեկցող հանրային միջոցառումների շարք: Որբունու վիպային գործերի մասնակի վերահրատարակություն/հրատարակությունը ուղեկցվում է հայ իրականության մեջ «նոր վեպի» հիմնադիր այս տեքստերի հանրային ընթերցում-աշխատաժողովներով և բանախոսություններով, որոնք նպատակ ունեն հեղինակի վիպային գործերի առաջին հրատարակություններն ուղեկցած քննադատական մոտեցումների ու խմբագրական միջամտությունների շուրջ խոսակցություն ծավալելով` ձևավորել հեղինակի գործերն ընթերցելու նոր, այն է` պատմական ժամանակաշրջանն իբրև գրական գործը կազմավորելու անբաժան մաս ընկալելու մշակույթ:
Ծրագիրը միտված է Սփյուռքի գրականության հանրահռչակմանը, ինչպես նաև քննական հրատարակությունների արժևորմանը: 2019 թվականին ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Բանախոսություններ՝
Սիրանուշ Դվոյան, «Երևակայել Սփյուռքը. Զարեհ Որբունին իմ կյանքում»
Սեպտեմբերի 26, 2019
Ինստիտուտի հետազոտող Սիրանուշ Դվոյանը Հետազոտական աշխատանոց. կիսելով փորձառությունն ու հմտությունը նախագծի շրջանակներում ներկայացրեց հետազոտական իր փորձառության մի դրվագ` սփյուռքահայ գրող Զարեհ Որբունու գրականության շուրջ:
2000-ականներին սկիզբ առած այս հետազոտության առանցքային հարցադրումն այն է, թե ինչպես են գրելն ու վերապրելը ագուցվում միմյանց` կազմավորելով Զարեհ Որբունուն՝ իբրև հեղինակ, ու միևնույն ժամանակ կազմաքանդելով Զարեհ Էօսքիւզեանին՝որպես անհատ: Բանախոսությունը քննարկում է նաև Զարեհ Որբունու գրականության «ենթահողը» կազմող անձնական կորստի ու գրականության ծննդյան խորը կապը` հարաբերելով այն Սփյուռքը ոչ սփյուռքից ըմբռնելու հետազոտողի դիրքավորման հետ:
Գրիգոր Պըլտեան, «Ֆրանսահայ վէպը եւ Զարեհ Որբունի»
Նոյեմբերի 5, 2019
Ֆրանսահայ մտավորական Գրիգոր Պըլտեանը Հովհաննիսյան սեմինարների շրջանակում հանդես եկավ Զարեհ Որբունու վիպային գործերի շուրջ բանախոսությամբ:
Ֆրանսահայ գրականության պատմության մեջ վեպը՝ մանավանդ Զարեհ Որբունու Հալածուածները վիպաշարը, չափազանց կարևոր տեղ ունի։ Շարքի վեց հատորները՝ սկսած 1928-ից և ավարտին հասած 1978-ին, հետևողականորեն բացորոշում են թե՛ թեմաների, թե՛ կառուցվածքի զարմանալի մի միասնականություն։ Սփյուռքացումն, անհատի կազմավորումը, սեռականությունը սերտորեն առնչված են վեպի արմատական նորացմանն, ինչը սփյուռքացման վճռական կետերից մեկն է։ Սրանով է, որ թեմայի կառուցումը դառնում է նաև վիպումի իրական ատաղձ։
Բանախոսությունն իրականացվել է «Զարեհ Որբունու վիպային ժառանգության հանրայնացում» ծրագրի շրջանակներում Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) հետ համագործակցությամբ:
Սիրանուշ Դվոյան, «Հեղինակն` արխիվից»
Նոյեմբերի 28, 2019
Ինստիտուտի հետազոտող Սիրանուշ Դվոյանը Հետազոտական աշխատանոց. կիսելով փորձառությունն ու հմտությունը նախագծի շրջանակներում հանդես եկավ ֆրանսահայ գրող Զարեհ Որբունու արխիվի շուրջ բանախոսությամբ:
1970-ական թթ. սկզբին Պետրոս Զարոյանին գրած նամակներից մեկում Զարեհ Որբունին հորդորում է ընկերոջը Հայաստան ուղարկել նաև իր արխիվն, ինչպես ինքն է անում` հույսով, որ դրանք այնտեղ մեկին պետք լինեն: Որբունու կյանքի այս դրվագը լավագույնս ներկայացնում է Սփյուռքի կացությունը. մեծ նվիրումով ստեղծված ձեռագրերը ո՞ւմն են, որտե՞ղ պիտի հանգրվանեն: Բայց մյուս կողմից կա հեղինակի` ձեռագրերը որևէ վայրում ամփոփելուց այն կողմ անցնող ցանկությունը, այն, որ դրանք պիտո լինեն մեկին: Բանախոսությունը շոշափում է արխիվի ժամանակակից մի ընկալում, ըստ որի՝ արխիվը ոչ այնքան պահպանման, որքան հեղինակի հետ հանդիպման ու ընթերցման մի տարածք է:
Վարդան Ազատյան, ««Ծնողազուրկ ծննդից հետո»․ որբություն, քաղաքականություն, արվեստ»
Դեկտեմբերի 26, 2019
Ինստիտուտի հետազոտող Վարդան Ազատյանը Հետազոտական աշխատանոց. կիսելով փորձառությունն ու հմտությունը նախագծի շրջանակներում հանդես եկավ որբության փորձառությունը` հայության արդի փորձառության ու այդ համատեքստում վերջինիս` հայ արվեստի, գրականության ու քաղաքականության կայացման գործում խաղացած անուրանալի կարևորությունը շրջագծող բանախոսությամբ: Որբությունը սկզբունքային կարևորություն ունի հայության արդի ինքնության ըմբռնման հարցում և ամենևին զարմանալի չէ, որ Հովհաննիսյան ինստիտուտի հրապարակած պատմաքննական ու փիլիսոփայական հետազոտությունները (Նորա Ն. Ներսեսյանի Որբաքաղաքը. նպաստամատույց աշխատողներ, կոմիսարներ և «նոր Հայաստանը կառուցողներ». Ալեքսանդրապոլ/Լենինական 1919-1931, Միսաք Խոստիկյանի Դավիթ փիլիսոփան) պարբերաբար արծարծում և վերարծարծում են այս թեման: Ազատյանը, ընդալայնելով թեման, ներկայացնում է որբության հետ կապված իր ուսումնասիրությունների արդյունքներն ու կիսվում այս առիթով իր վերջին բացահայտումներով, որոնք հայության ինքնըմբռնման գործում թույլ են տալիս խոսել որբության հարացուցային նշանակության մասին: