Խմբագիրներ` Անժելա Հարությունյան, Իրինա Շահնազարյան, Նարե Սահակյան
2025
Հայաստանի 20-րդ Դարի Արվեստի Քննադատության ժողովածուն արվեստի քննադատական հոդվածների շտեմարան է, որն ընթերցողին համապարփակ պատկերացում է տալիս նախորդ հարյուրամյակում արդի ու ժամանակակից արվեստի զարգացման ուղիների մասին: Արվեստի քննադատության լեզվի ու խոսույթների ծավալման ընթացքը գրքում ի հայտ է գալիս արվեստի ու քաղաքականության բարդ հակասությունների ետնախորքին: Ներհյուսված լինելով 20-րդ դարի հայաստանյան պատմության խորդուբորդ ուղիներին` արվեստի քննադատությունը հյուսվել է քաղաքական վայրիվերումների բովում` սկսած առաջին հանրապետության հաստատումից ինչև հետհեղափոխական շրջանում սոցիալիզմի կառուցում, ստալինիզմ, Ձնհալ, վերակառուցում ու նորանկախ ազգային պետության հաստատում: Քննադատական այս բանավեճերը ներառում են ազգային ոճի հիմնահարցերից մինչև ռեալիզմի սահմանների հաստատումն ու հարցադրումը, դրա շրջանակում երևացող ֆորմալիզմի քննադատությունը, նորարարության ու ավանդույթի բարդ ու փոխակերպվող հարաբերությունը, ինչպես նաև արվեստի միջոցով ազգային ինքնությունը ձևակերպելու կամ սասանելու խնդիրները։ Արվեստի քննադատության հիմնարկությունը ու հենց քննադատական լեզուն ձևավորվել ու հղկվել են քննադատների` իրենց ժամանակակից արվեստագետների ստեղծագործության հետ առնչվելով` Մարտիրոս Սարյանից ու Հակոբ Կոջոյանից, մինչև Երվանդ Քոչար, Մինաս Ավետիսյան, 3-րդ հարկ մշակութային շարժում ու 1990-ականների անկախության սերնդի արվեստագետներ:
Ժողովածուի հիմքը պարբերական մամուլում հրատարակված հոդվածներն ու բանավեճերն են: Սրանք ուղեկցվում են խմբագիրների հետազոտական հոդվածներով, խմբագրական ծանոթագրութուններով ու աղբյուրագիտական ցանկով: Հրատարակությունը իր բնույթով եզակի կրթական ու հետազոտական ձեռնարկ է: