Դիվան նախագծի շրջանակներում իրականացվում են խորհրդահայ գրող Վահան Գրիգորյանի (1905-1989թթ.) արխիվի մի մասի թվայնացման ու դասակարգման աշխատանքները: Արխիվը նախնական մշակման է ենթարկվել գրողի դստեր՝ Նվարդ Գրիգորյանի կողմից: Ինստիտուտը զբաղվում է այստեղ պահվող 1950-1960-ական թվականների Հայաստանի գրողների միության նիստերի ու քննարկումների արձանագրությունների մի մասի, նույն թվականների Հայպետհրատի աշխատանքները արձանագրած փաստաթղթերի, Հայպետհրատի տարբեր խմբագիրների՝ հրատարակության ներկայացված գրքերի մասին գրած գրախոսությունների, Վահան Գրիգորյանի նամակների մի մասի և այլ նյութերի թվայնացման ու դասակարգման աշխատանքներով: Նյութերը Խորհրդային Հայաստանի 1950-1960-ական թվականների գրական ու քաղաքական կյանքը ներկայացնող կարևոր վավերագրեր են: Դրանք ի հայտ են բերում թե՛ պաշտոնական, թե՛ մտավորական ներքին խմորումները, մարմնավորում մի ժամանակ, երբ ձևավորվում էր հիմնարկային խմբագիրների խավը: