Նորա Ն․ Ներսեսյան
Անգլերենից նախնական թարգմանությունը՝ Հասմիկ Հարությունյանի
Բնագրի հետ համեմատությամբ խմբագրեց՝ Ռուզաննա Գրիգորյանը
Այս գիրքը պատմում է Որբաքաղաքի քառամաս պատմությունը: Առաջին մասում անդրադարձ է կատարվում այն իրադարձություններին, որոնք հանգեցրին Որբաքաղաքի ստեղծմանը Ալեքսանդրապոլում, երբ քաղաքը՝ ենթակա ռազմական հրամայականին, անցնում էր մարդկային ու ֆիզիկական արմատական փոխակերպումների միջով: Այստեղ նաև խոսվում է այն մասին, թե ինչպես էին սկզբնական շրջանում կազմակերպում նպաստն ու խնամում որբերին: Այնուհետև քննարկվում է 1918 թ. գարնան սկզբին նպաստամատույց աշխատողների առաջին մեկնումը Ալեքսանդրապոլից, նրանց վերադարձը մոտ մեկ տարի անց, որբերին Ալեքսանդրապոլում կենտրոնացնելու առաջին ջանքերն ու դրա հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև 1920 թ. մայիսին Հայաստանից ՄԱՆ-ի երկրորդ անսպասելի մեկնումն ու մի քանի ամիս անց դրան հաջորդած վերադարձը: 1920-ականներն ընդգրկող երկրորդ մասի քննարկման նյութը 1920 թ. աշնանն Ալեքսանդրապոլի հեղափոխական կոմիտեի՝ ՄԱՆ-ի հանդեպ ցուցաբերած վատ վարմունքն է, ինչին հաջորդում է երրորդ մեկնումը, որը տեղի է ունենում 1920 թ․ դեկտեմբերին Մուստաֆա Քեմալի հովանու ներքո՝ այս անգամ արդեն դեպի Կարս: Այնուհետև խոսվում է 1921 թ. ցուրտ ձմռանը Կարսից 6000-7000 որբերի՝ Ալեքսանդրապոլ արտաքսման, ՀՍԽՀ-ի ղեկավարության եռանդագին թախանձանքներին ընդառաջ ՄԱՆ-ի Հայաստան վերադարձի, ինչպես նաև ՄԱՆ-ի և ՀՍԽՀ-ի ղեկավարների միջև բանակցությունների ու համագործակցության վաղ փուլի մասին, ինչից պարզ է դառնում, որ Խորհրդային Հայաստանի վաղ շրջանի ղեկավարների վարած քաղաքականությունն ավելի նրբանկատ էր, քան հաճախ ներկայացվում է: Երկրորդ մասում խոսվում է նաև 1924-ին ռուս հեղափոխական, բոլշևիկյան կուսակցության հիմնադիր Վլադիմիր Լենինի պատվին Լենինական վերանվանված Ալեքսանդրապոլում որբերի կենտրոնացման ավարտի, ՄԱՆ-ի ծրագրերի ընդլայնման մասին, ինչպես նաև որբերի կրթության և դաստիարակության հարցում ՀՍԽՀ-ի քաղաքականության, և ի վերջո՝ Որբաքաղաքի որբ բնակչության կտրուկ նվազման մասին: Երրորդ մասում խոսվում է Որբաքաղաքը Պոլիգոնում վերակազմավորելու և դրա սակավապետ գոյության, ինչպես նաև ՄԱՆ-ի և ՀՍԽՀ-ի միջև մեծացող անջրպետի մասին, ինչի արդյունքում 1931 թ. գարնանը ՄԱՆ-ը վերջնականապես հեռացավ Հայաստանից: Երրորդ մասի վերջին գլուխը բաղկացած է Որբանոցի պատերից դուրս գտնվող աշխարհի մասը դառնալուց հետո որոշ որբերի ու որբանոցի աշխատակիցների կյանքի թռուցիկ ակնարկներից: Չորրորդ մասը ներկայացնում է երկու ցուցակ՝ երկուսն էլ թերի, որոնք պատկերացում են տալիս որբերի հանրության և Որբաքաղաքի աշխատակիցների մասին:
Այս գիրքը փորձ է հարգանքի տուրք մատուցելու երեխաների մի սերնդի, որն այս կամ այն կերպ ունեցավ իր «անցածեսերին» դիմանալու տոկունությունը և դրանք վերապրելու վճռականությունը:
Գլխավոր էջի պատկերաշարի լուսանկարը պահվում է Ռոքֆելլեր արխիվային կենտրոնում, Սլիփի Հոլոու, Նյու Յորք, Մերձավոր Արևելքի հիմնադրամի հավաքածու, լուսանկարաշար, տուփ 145: