Գրադարան

 

Հովհաննիսյան գրադարանն իր մասնագիտական գրքերի, հոդվածների, արխիվային նյութերի, ձայնագրությունների և տեսագրությունների արժեքավոր հավաքածուներով կազմում է Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի գիտական ռեսուրսների հիմքը:

3.000 անուն տպագիր, շուրջ 30.000 թվային և կերպարվեստին առնչվող 32.000-ից ավելի վիզուալ նյութերը, անձնական արխիվներն ու թվայնացված ավելի քան 17.000 տարաբնույթ արխիվային տեքստերն ու պատկերները Հովհաննիսյան գրադարանը դարձնում են հետազոտողների և ուսանողների համար եզակի գիտական աղբյուրների շտեմարան և հետազոտական որոնումների ուղեցույց: Հովհաննիսյան ինստիտուտի հումանիտար բնույթն է ուղենշում գրադարանի հիմքը կազմող ոլորտների՝ արվեստի պատմության ու տեսության, փիլիսոփայության, պատմագիտության, ժամանակակից քննադատական տեսությունների և հայագիտության վերաբերյալ գրականության գերակշռությունը: 

Գիտական-մասնագիտական այս գրականության հասանելիությունը, ինչպես և ընթացիկ ուսումնասիրութունների հանրայնացումը Հովհաննիսյան գրադարանի առաջնահերթություններից է: Գրադարանը՝ իբրև կենդանի գիտական մտքի շրջանառման միջավայր ակտիվացնելուն միտված Ապրող գրադարան. հետազոտական աշխատանքի կենսավայր ծրագիրը, գիտական, գեղարվեստական արժեք ունեցող արխիվային նյութերի խնամքը, համակարգումն ու թվայնացումն իրականացնող Հովհաննիսյան արխիվներ նախագիծը, Աշոտ Հովհաննիսյանի գիտական ժառանգության հավաքագրմանը, այդ ժառանգության պատմական և տեսական վերարժևորմանը կոչված Ով է Աշոտ Հովհաննիսյանը կենսամատենագիտական էջը, մասնագիտական գրականության և տեսողական նյութերի հանրայնացմանն ուղղված Անկախ գրադարանների ցանցին անդամակցումն այս առաջնահերթությունների տեսանելի իրացումներն են:

Հովհաննիսյան գրադարանը միաժամանակ Ինստիտուտի կողմից իրականացվող ընթացիկ գիտական աշխատանքների կազմակերպման վայրն ու մասն է, իսկ ընթերցողը՝ կենդանի գիտական մտքի ու տարվող աշխատանքների գործուն մասնակիցն ու վկան: Հատկապես երիտասարդ մասնագետների հետ համագործակցությունը խրախուսելու նպատակով գրադարանը հնարավորություն է ընձեռում վերջիններիս հանդիպումների և քննարկումների միջոցով ներկայացնել իրենց դեռևս չհրատարակված աշխատությունները, հոդվածները, ստանալ մասնագիտական օգնություն և խորհրդատվություն, ձեռք բերել Ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններ:

Կենդանի մտքի այս մթնոլորտն են ապահովում նաև գրադարանում պարբերաբար կազմակերպվող թեմատիկ քննարկումները, դասախոսությունները, ընթերցումները, ֆիլմերի ցուցադրությունները, որոնք հետազոտողներին ու ընթերցողներին ներգրավելու և նոր՝ մասնագիտական ու ընկերական կապեր հաստատելու կարևոր հնարավորություններ են:

 

Ապրող գրադարան. հետազոտական աշխատանքի կենսավայր
Անկախ գրադարանների ցանց
Հովհաննիսյան արխիվներ
Ով է Աշոտ Հովհաննիսյանը