Զարեհ Որբունու վիպային ժառանգության հրատարակում

Ինստիտուտի քննական հրատարակությունների շրջանակում հրատարակության է պատրաստվում ֆրանսահայ արձակագիր Զարեհ Որբունու (Էօքսիւզեան) վիպային ժառանգությունը: 1929 թ. առաջին` Փորձը վեպով Որբունին սկսում և 1960-ական թթ. ավարտին է հասցնում Հալածուածները խորագրի տակ հավաքված վեց վեպից բաղկացած (Թեկնածուն, Ասֆալտը, Սովորական օր մը, Տիգրանը, Զի քո է կարողութիւն) վիպաշարը: Նույն թվականներին հրատարակում է նաև վիպային նույն հղացքի մասը կազմող, բայց վիպաշարի մեջ չընդգրկված Եւ եղեւ Մարդը վեպը: Որբունին Սփյուռքի առաջին այն հեղինակներից է, ով գրականությամբ ներանձնական կերպով վերապրում է Սփյուռքը որպես մի կողմից` հայրենիքի ու տան անդարձ կորստի ողբերգություն, մյուս կողմից` մտավորական ենթակայության կայացման հնարավորություն: Պատահական չէ, որ վիպաշարի խորագիրը կրում, իսկ հեղինակի մականունը վավերացնում է 20-րդ դարի հայկական ինքնության հարակարծային հենց ա՛յս փորձառությունը:

Սույն հրատարակությամբ հայ ընթերցողին առանձին գործերով հայտնի հեղինակն առաջին անգամ ներկայանում է վիպային իր ողջ ժառանգությամբ, ինչպես արդեն հրատարակված վեպերի քննական վերահրատարակությամբ, այնպես էլ Հալածուածները վիպաշարի մինչ այժմ անտիպ հինգերորդ` Տիգրանը վեպով ու վիպային գործերի նախակաղապարներ հանդիսացող մի քանի փոքր գործերով: Հրատարակությունն ուղեկցվում է հայ իրականության մեջ «նոր վեպի» հիմնադիր այս տեքստերի շուրջ հանրային ընթերցում-աշխատաժողովներով և բանախոսություններով:

Որբունու վիպային ժառանգության ամբողջական այս հրատարակությունն իրականանում է սփյուռքի նշանավոր մտավորականներ Գրիգոր Պըլտեանի ու Մարկ Նշանեանի և Հովհաննիսյան ինստիտուտի հետազոտող Սիրանուշ Դվոյանի գործակցությամբ:

Ծրագիրն իրականացվում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ֆինանսական աջակցությամբ: