Վարդան Ազատյան
Վարդան Ազատյանը (գ․ թ․) կրթությամբ նկարիչ է, արվեստաբան, տեսական և փիլիսոփայական գրականության թարգմանիչ, Հովհաննիսյան ինստիտուտի համահիմնադիրն է և նախագահը: 2003-ից արվեստի պատմություն և տեսություն է դասավանդում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ Դասավանդել է մի շարք այլ հաստատություններում, ներառյալ Նյու Յորքի Քոլումբիայի համալսարանը, Նիդերլանդական արվեստի ինստիտուտը, Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Նրա հոդվածները հրատարակվել են Oxford Art Journal, Springerin, ArtMargins և այլ միջազգային հանդեսներում։ Արվեստաբանություն և ազգայնականություն (Երևան: Ակտուալ Արվեստ, 2012) և Ովքեր արեցին հեղափոխությունը (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2020) գրքերի հեղինակն է։ Կազմել և ծավալուն ուսումնասիրությամբ համալրել է Աշոտ Հովհաննիսյանի Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը ավարտաճառի հայերեն թարգմանությունը (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2016): 2021 թվականին Routledge հրատարակությունը լույս կընծայի նրա Cold War Art History: The Battle of Ideas and a Soviet Periphery գիրքը: Հայերեն թարգմանել է անգլիալեզու փիլիսոփայության դասականներ Ջորջ Բերկլիի և Դեյվիդ Հյումի հիմնարար աշխատություններից:
Թամար Գասպարյան–Հովսեփյանը կազմակերպական զարգացման և հանրային կապերի մասնագետ է։ Նախքան 2006-ին Նյու Յորք տեղափոխվելը նա յոթ տարի արտահաստիքային թղթակից և հեռուստատեսային լրագրող է եղել Երևանում։ Այդ ժամանակից ի վեր նա աշխատել է տարբեր արվեստային և մարդասիրական կազմակերպություններում, որտեղ կենտրոնացել է միջոցների հայթայթման, զարգացման և հաղորդակցության վրա։ Բոլորովին վերջերս աշխատել է Նյու Յորք քաղաքի կառավարությունում` Մանհեթընի առաջին համայնքային խորհրդում (Manhattan's Community Board One) որպես համայնքային կապերի պատասխանատու։ Թամարը ստացել է բակալավրի և մագիստրոսի աստիճաններ Արվեստի պատմություն և տեսություն մասնագիտացմամբ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայից, ինչպես նաև մագիստրոսի աստիճան՝ Նյու Յորքի քաղաքային համալսարանից՝ Քաղաքային հարաբերություններ մասնագիտացմամբ։
Արմենակ Գրիգորյանը արվեստագետ է, արվեստաբան և կուրատոր։ 2008-ին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժինը։ 2011-ին նույն հաստատությունում՝ արվեստաբանության գծով պաշտպանել է «Հայ միջնադարյան արվեստի պատմագրությունը 19-րդ դարում և 20-րդ դարասկզբի Հայ պարբերական մամուլում» ասպիրանտական թեզ։ 2009-2010-ին սովորել է Ժամանակակից արվեստի ինստիտուտի՝ «Մշակութային ծրագրի նախագծում և իրականացում» կրթական ծրագիրը։ Մասնակցել է մի շարք արվեստային նախագծերի թե՛ իբրև արվեստագետ և թե՛ իբրև կուրատոր։ 2017-ին համադրել է ՆՓԱԿ-ի Արվեստի այլընտրանքային ամենամյա փառատոնը։
Սիրանուշ Դվոյանը (գ․ թ․) գրականագետ է, դոցենտ, Հովհաննիսյան ինստիտուտի հետազոտող։ Համեմատական գրականություն է դասավանդում Հայաստանի ամերիկյան համալսարանում: 2001 թ. պաշտպանել է Ֆրանասահայ բանաստեղծությունը 1920-1960-ական թթ. թեմայով թեկնածուական ատենախոսությունը Երևանի պետական համալսարանում: Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների և Տեքստի ընթերցում գրքի (Երևան: Ակտուալ արվեստ, 2013): Նա կազմել և խմբագրել է արևմտահայ և սփյուռքահայ մի շարք մտավորականների հատորներ (Եղիա Տէմիրճիպաշեան, Գրիգոր Պըլտեան, Մարկ Նշանեան, Զարեհ Որբունի): Նրա գիտական հետաքրքրությունները ներառում են հետխորհրդային իրականության մեջ հայկական համայնքների մշակույթի, նոր սփյուռքյան փորձառությունների և գրականության մեջ նոր արտիկուլացիաների ուսումնասիրությունները: Վերջին տարիներին զբաղվում է խորհրդային Գուլագի գրականության ուսումնասիրությամբ: Նա Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական ծրագրերի համակարգող է:
Գոռ Ենգոյանը արվեստագետ, անիմատոր, կուրատոր է։ Սովորել է Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում։ 2009 թ ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան։ 2004 թվականից աշխատել է անիմացիաի ոլորտում, նախ՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, ապա մի շարք այլ ստուդիաներում։ 2009 – 2011թթ․ սովորել է ICA կուրատորական դպրոցում։ 2017-2019թթ․ աշխատել է ՆՓԱԿ արվեստի կենրոնում՝ որպես կերպարվեստի բաժնի տնօրեն։ 2019թ․- ից մինչ օրս On-Off անիմացիոն ստուդիայի նկարիչների թիմի ղեկավարն է։
Միքայել Մարտիրոսյանը նկարիչ է: 2011 թվականին ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնի բակալավրական, իսկ 2013-ին` մագիստրոսական ծրագիրը։ Աշխատում է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ իբրև կերպարների ստեղծման և նկարազարդման դասընթացավար և բովանդակության համակարգող։ 2014-ից 2015-ն աշխատել է Ռոբերտ Սահակյանց անիմացիոն ստուդիայում, այնուհետև Plexonic խաղերի ստեղծման ստուդիայում՝ իբրև նկարիչ: Մասնակցել մի շարք ցուցահանդեսների և արվեստային նախագծերի:
Լուսին Շաբոյանն արվեստաբան է, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետազոտող։ 2020 թվականին ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի պատմության և տեսության բաժինը՝ պաշտպանելով «Հայ արվեստի հիմնարկման փորձերը խորհրդային 1920-ականներին» վերնագրով ավարտական աշխատանքը։ Այժմ ուսանում է նույն բաժնի մագիստրոսական ծրագրում։ 2016-2017 թթ. աշխատել է Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանում որպես կամավոր։ Աշխատակցել է Էրիկա Դոսսի՝ Քսաներորդ դարի Ամերիկյան արվեստը գրքի թարգմանական աշխատանքներին (թրգմ.՝ Վարդան Ազատյան)։ 2021-2022 թթ. աշխատել է Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտում որպես գրադարանավար։ Այժմ նույն ինստիտուտում «Խորհրդային 1920-ականների մշակութային քաղաքականության մարտահրավերները հայ արվեստի հիմնարկման ճանապարհին» թեմայով հետազոտությամբ ներգրավված է Մշակույթ և արդիականացում հետազոտական նախագծում։ Հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է 19-րդ դարի արևելահայ քննադատական մտքի պատմությունը, արվեստի փիլիսոփայությունն, ինչպես նաև Հայաստանի Առաջին հանրապետության և Խորհրդային Հայաստանի մշակութային հաստատությունների կայացման գործընթացները։
Նարե Սահակյանն արվեստաբան է, կուրատոր, Հովհաննիսյան ինստիտուտի հետազոտող։ Ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի Արվեստի պատմություն և կուրատորություն մագիստրոսական ծրագիրը՝ պաշտպանելով «Կանտի հետսովետական հմայքը. Վիլհելմ Մաթևոսյանի արվեստաբանությունը» ավարտական թեզը։ Մեդիալաբ արվեստի կրթական ծրագրում դասավանդել է «Տեսնելու արվեստաբանական մեթոդներ» առարկան։ Ավարտել է Ժամանակակից արվեստի ինստիտուտի Արվեստի պատմության և տեսության մոդուլը: 2014-2017-ը զբաղվել է արվեստի քննադատությամբ և համադրել մի շարք հետազոտական ցուցահանդեսներ։ Նրա հետաքրքրություններն ընդգրկում են արվեստաբանության՝ իբրև գիտակարգի պատմությունը և թարգմանությունը՝ որպես մշակութային արարք։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատը, զբաղվել լրագրությամբ:
Հերմինե Ստեփանյանը մանկական և կրթական ծրագրերի մասնագետ է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (հայոց լեզու և գրականություն) և ՀՀ գիտությունների ակադեմիայի մագիստրատուրայի բաժնի սոցիալական հոգեբանության ֆակուլտը։ 1999 թ․-ից աշխատում է հեռուստատեսությունում։ Ղեկավարել է «Շողակաթ» հեռուստաընկերության մանկական և կրթական հաղորդումների բաժինը։ ԲՈՒՆ TV-ի «Բուն զրույցներ․ երեխայակենտրոն» շարքի հեղինակ-վարողն է։ Նա մի շարք հեռուստաշարքերի, տեսահոլովակների և ֆիլմերի հեղինակ է, սցենարիստ, խմբագիր։ Նրա «Հեքիաթներ բարձի տակից» ժողովածուն տպագրման փուլում է «Զանգակ» հրատարակչությունում։ 2021թ․-ից ղեկավարում է Հովհաննիսյան ինստիտուտի Մարզային ծրագրերի բաժինը։ 2022թ․-ին համակարգել է Ինստիտուտի «Ինչ է պատմում լուսանկարը» կրթամշակութային նախագիծը Եղեգնաձոր համայնքում։
Լիաննա Աղամյան
Լիաննա Աղամյանը Հովհաննիսյան ինստիտուտի ծրագրերի համակարգողն է, ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ բաժինը։ 2014-ից աշխատում է տարբեր կազմակերպություններում (Հայ գրականության հիմնադրամ, Book Platform, ԱՐԻ գրականության հինադրամ) իբրև գրական ծրագրերի համակարգող: 2014-2015 թթ. եղել է Եվրոպական Միության Book Platform ծրագրի համակարգողը: 2014-ին պրակտիկա է անցել Ամստերդամի Center for Literature կազմակերպությունում: Տարբեր տարիների մասնակցել է գրքի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսների: Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի համակարգողն է:
Աշոտ Գրիգորյանը ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, Հովհաննիսյան ինստիտուտի հետազոտող: Ուսանել է ԵՊՀ ֆիզիկայի և Գերմանիայի Հայդելբերգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետներում: Գերմաներենից թարգմանել ու ծանոթագրել է Վերներ Հեյզենբերգի Ֆիզիկա և փիլիսոփայություն (Hirzel Verlag, 1959) ու Քվանտային տեսության ֆիզիկական սկզբունքները (Hirzel Verlag, 1930) աշխատությունները: Ֆիզիկայի բնագավառում կրթությանը զուգահեռ հետաքրքրված է գիտության փիլիսոփայության հարցերով: 2011 թ. ամռանը ԵՊՀ-ում նախաձեռնել է գիտության փիլիսոփայությանը նվիրված գիտաժողով-սեմինար: Վերջին տարիներին ընդարձակ հետազոտություն է կատարել 20-րդ դարասկզբի հայ փիլիսոփա Միսաք Խոստիկյանի վերաբերյալ (Միսաք Խոստիկյան, Դավիթ փիլիսոփան, (Երևան։ Հովհաննիսյան ինստիտուտ, 2020)):
Անժելա Հարությունյանը արվեստաբան է, դոցենտ Բեյրութի ամերիկյան համալսարանում, որտեղ նա ղեկավարում է արվեստաբանության ամբիոնը: Դասավանդում է արդի և ժամանակակից արվեստի պատմություն ու տեսություն: Նա համախմբագիրն է ARTMargins գրախոսվող հանդեսի, որը տպագրվում է MIT Press-ի կողմից: Գիտական ամսագրերում տպագրել է հետխորհրդային արվեստի ու մշակույթի, ինչպես նաև Եգիպտոսի ու Լիբանանի ժամանակակից արվեստի պրակտիկաների և մշակութային քաղաքականությունների մասին էսսեներ ու քննադատական հոդվածներ: Նրա գիտական հետաքրքրությունները ներառում են նախկին Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի հետխորհրդային շրջանի արվեստին, Սոցիալիստական ռեալիզմին, Միջին Արևելքի ժամանակակից արվեստին, մարքսիստական արվեստաբանությանն ու քննադատական տեսությանն առնչվող խնդիրները: Նա մի շարք ցուցահանդեսների համադրող է, որոնց թվում` This is the Time. This is the Record of the Time (Նաթ Մյուլլերի հետ) (SMBA-Amsterdam, 2014 և Բեյրութի ամերիկյան համալսարանի պատկերասրահ, 2015): 2017-ին լույս է տեսել նրա մենագրությունը․ The Political Aesthetics of the Armenian Avant-garde: The Journey of the ‘Painterly Real’ (Manchester University Press): Այժմ Էրիկ Գուդֆիլդի հետ համատեղ տպագրության է պատրաստում After Revolution: Historical Presentism and the Political Eclipse of Postmodernity գիրքը, որը լույս է տեսնելու 2021-ին Լյուվենի համալսարանի հրատարակչության կողմից:
Իրինա Շահնազարյանն արվեստաբան է, Հովհաննիսյան ինստիտուտի հետազոտող, Հովհաննիսյան գրադարանի պատասխանատուն և արխիվային ծրագրերի համակարգողը։ Ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Կերպարվեստի պատմության և տեսության ամբիոնի բակալավրական ծրագիրը։ 2014-ին նույն հաստատությունում պաշտպանել է մագիստրոսական ատենախոսություն, որը վերաբերում է 1920-ականների Հայաստանի գեղարվեստական կյանքին, մասնավորապես՝ ռեալիզմի շուրջ բանավեճերին։ Այժմ Գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական բաժնի ասպիրանտ է։ 2016-2019-ին Սոցիոսկոպ հասարակական կազմակերպության ծրագրի շրջանակներում իրականացրել է «Կանանց ազատագրման խնդիրը 1920-ականների խորհրդահայ մամուլում» հետազոտությունը: 2019-2020-ին զբաղվել է «Հեղափոխության ռեալիզմը. 1920-ականների բանավեճերը հայ կերպարվեստի շուրջ» հետազոտությամբ։ 2019-2020-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում վարել է «Աշխարհայացքների պատմություն. մոդեռնիզմ և պոստմոդեռնիզմ», 2020-ից առ այսօր «Ստեղծագործության վերլուծություն» դասընթացները: Մասնագիտական հետաքրքրությունները ներառում են արվեստի և քաղաքականության, ավանգարդի և ռեալիզմի փոխհարաբերությունները, ինչպես նաև կանանց խնդիրները, քաղաքականության ու կենցաղի առնչակցությունները։
Լուսինե Չերգեշտյանը նկարիչ-անիմատոր է և հետազոտող, Հովհաննիսյան ինստիտուտի խորհրդի անդամ։ Ավարտել է Թորոս Ռոսլինի անվան Կիրառական ինստիտուտի հագուստի դիզայնի բաժինը։ Եղել է Utopiana մշակութային ստեղծագործական կազմակերպության մեդիա լաբորատորիայի ղեկավար (2006-2009), WOW արվեստի խմբի անդամ (2007-2010), Շողակաթ հեռուստաընկերության մանկական բաժնի համակարգչային ձևավորող և անիմացիոն շարքերի ռեժիսոր (2010-2018): Համագործակցել է Սոցիոսկոպ հասարակական կազմակերպության հետ՝ իրականացնելով «Սեռականության սահմանագիծ․ կնոջ դերակատարության վերաիմաստավորումը 19-րդ դարի հայ պարբերական մամուլում» հետազոտությունը (2016-2019): 2017 թ․ աշխատում է նաև OnOff անիմացիոն ստուդիայում։
Լիաննա Աղամյան
Լիաննա Աղամյանը Հովհաննիսյան ինստիտուտի ծրագրերի համակարգողն է, ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ բաժինը։ 2014-ից աշխատում է տարբեր կազմակերպություններում (Հայ գրականության հիմնադրամ, Book Platform, ԱՐԻ գրականության հինադրամ) իբրև գրական ծրագրերի համակարգող: 2014-2015 թթ. եղել է Եվրոպական Միության Book Platform ծրագրի համակարգողը: 2014-ին պրակտիկա է անցել Ամստերդամի Center for Literature կազմակերպությունում: Տարբեր տարիների մասնակցել է գրքի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսների: Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի համակարգողն է:
Խաթուն Ատիկյան
Խաթուն Ատիկյանը Հովհաննիսյան ինստիտուտի ֆինանսական մենեջերն է, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե ՀԿ-ի ծրագրերի համակարգողը և ֆինանսական ղեկավարը: Ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը: 2002 թ. ակտիվ մասնակցել է տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների: Անցկացրել է մարդու իրավունքների, բիզնեսի կազմակերպման, թրեյներների նախապատրաստման թեմաներով դասընթացներ: