«Ինչ է պատմում լուսանկարը» նախագիծը մշակված է ավագ դպրոցի աշակերտների համար: Նախագծի նպատակն է լուսանկարների միջոցով կապ ստեղծել անձնական փորձառությունների, միջսերնդային հիշողությունների և պատմական անցյալի միջև։ Ուշադրության կենտրոնում համայնքն է՝ իր նյութական, ճարտարապետական, սոցիալ-պատմական և մշակութային առանձնահատկություններով:
Համայնքի աշակերտներից կազմված խումբը (10-16 հոգի) հումանիտար հետազոտություն իրականացնելու համար ամռան ամիսներին մասնակցում է դասընթացի (8-10 շաբաթ)՝ բաղկացած սեմինար պարապմունքներից, աշխատարաններից, հանդիպումներից, քննարկումներից։ Տեսական և գործնական գիտելիքները ընդգրկում են հետևյալ ուղղությունները՝ լուսանկարչություն, մշակութաբանություն, արվեստաբանություն, արվեստագիտություն, գրավոր և բանավոր խոսքի առանձնահատկություններ։ Հետազոտական աշխատանքների մեկնարկային նյութը տատիկների և պապիկների անձնական և ընտանեկան լուսանկարներն են։ Աշակերտների և դասախոսների կողմից ընտրված լուսանկարների համար որոշվում են թեմաներ։ Աշակերտները իրականացնում են հետազոտություններ (հարցազրույցներ լուսանկարի հետ կապված մարդկանց հետ, պատմությունների և իրերի հավաքագրում և այլն)։ Այնուհետև աշակերտները հետազոտությունների հիման վրա, նույն թեմայով իրականացնում են ստեղծագործական աշխատանքներ և կազմակերպում ցուցահանդես՝ նախագծի կուրատորի ղեկավարությամբ։ Ցուցահանդեսը ներկայացվում է համայնքի որևէ կրթամշակութային օջախում (պատկերասրահ, թանգարան, մշակույթի տուն, գրադարան և այլն)։
Մասնակից աշակերտներին հավաստագրեր են հանձնվում։ Նախագծի ավարտից հետո կազմակերպվում է աշակերտների այց Երևան, որի ընթացքում նրանք լինում են մշակութային որևէ կառույցում, ֆոտոստուդիայում, զբոսնում են քաղաքում, հյուրընկալվում Հովհաննիսյան ինստիտուտում։
Նախագիծը 2022թ․-ին հաջողությամբ իրականացվել է Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքում։ Նախագծի մասնակիցները Եղեգնաձոր քաղաքի և Մալիշկա գյուղի 15-16 տարեկան աշակերտներն էին: Ապրիլ-նոյեմբեր ամիսներին նրանք մասնակցել էին դասընթացների, որոնք վարում էին լուսանկարիչ-վավերագրող Նազիկ Արմենակյանը, ազգագրագետ, մշակութային մարդաբան Գայանե Շագոյանը, արվեստաբաններ Սոնա Հովհաննիսյանը և Վարդան Ազատյանը, արվեստագետ Գոռ Ենգոյանը, պարարվեստի մասնագետ Հասմիկ Թանգյանը։ Կուրատոր Արմենակ Գրիգորյանի ղեկավարությամբ աշակերտները կազմակերպեցին սեփական հետազոտությունների հիման վրա ստեղծած աշխատանքների ցուցահանդես։
Նախագիծը իրականացվել է Ավետիս Դավիթեանի ֆինանսական աջակցությամբ և Վայոց ձորի գրադարանի ու Եղեգնաձորի պատկերասրահի հետ համագործակցությամբ։
Նախագծի ղեկավար՝ Հերմինե Ստեփանյան