Հրատարակված

 

 

Ակեղդամա, h. 2

 

Վաչե Սարգսյան
Երևան, Հովհաննիսյան ինստիտուտ, 2023
ISBN 978-9939-9176-7

Խորհրդահայ գրող Վաչե Սարգսյանի Ակեղդամա վեպի երկրորդ Հավերժական սառածություն. Նամակներ Սոնյա Կարոլին հատորը ներառում է հեղինակի մինչ այժմ անտիպ վեպը, որը գրվել է 1966-ին` հեղինակի` գուլագյան ճամբարներում 16-ամյա ազատազրկումից վերադառնալուց հետո, և վերամշակվելով ավարտին հասել 1986-ին: Վեպը շարունակում է առաջին` Անկրկնելի պատմություն գրքի գլխավոր հերոսի` Վազգեն Դարբինյանի ճամբարային ճանապարհորդությունները, որի միջով բացվում են աքսորական փակ կյանքի ներսում ձևավորված սովորություններն իրենց ներքին բարդություններով: Հատորը համալրված է ընտանեկան արխիվներից վերցրած փաստաթղթերով, որոնք իրենց հերթին լույս են սփռում ստալինյան քաղաքականությունների մինչ այժմ աննկատ մնացած կողմերի վրա: Հատորը կազմել և խմբագրել է Սիրանուշ Դվոյանը:

Հալածուածները, հ. 2

 

Զարեհ Որբունի
Երևան, Հովհաննիսյան ինստիտուտ, 2022
ISBN 978-9939-9176-5-8

Զարեհ Որբունու վիպային գործերի քննական հրատարակության երկրորդ հատորը ներառում է Հալածուածները վիպաշարի չորրորդ` Սովորական օր մը (1974) և հինգերորդ` մինչ այժմ անտիպ Տիգրանը (գրված` 1973-1979 թթ.) գործերը: Երկու վեպերն էլ պատկերում են օտարության փորձառությունը Սփյուռքում, մասնավորապես` Փարիզում և Մարսելում: Առաջինը մեկօրյա, իսկ երկրորդը` վեց օրվա իրադարձությունների ամբողջական մի շղթա է ներկայացնում: Տիգրանով գլխավոր հերոսի և հանգամանքների բերումով տեղի է ունենում մի էական շրջադարձ: Տիգրանը, ինչպես վիպաշարի առաջին հատորների հերոսները, հալածյալ լինելով` հալածյալ է նաև ինքն իրենից: Հատորը համալրված է ծանոթագրություններով, որոնք արխիվային անտիպ նյութերի հիման վրա ի հայտ են բերում Որբունու գրականության մեջ ավարտուն բնագրի հասնելու ճանապարհն ու ստեղագործական բարդությունները: Հատորը կազմել և աշխատասիրել է Գրիգոր Պըտեանը, գրքի ընդհանուր խմբագիրն է Սիրանուշ Դվոյանը:

Հալածուածները, հ. 1

 

Զարեհ Որբունի
Երևան, Հովհաննիսյան ինստիտուտ, 2020
ISBN 978-9939-9176-4-1

Ֆրանսահայ գրող Զարեհ Որբունու (Էօքսիւզեան) եռահատոր հրատարակության առաջին հատորում ամփոփված են հեղինակի Հալածուածները վիպաշարի առաջին երեք վեպերը` Փորձը (1929), Թեկնածուն (1967) և Ասֆալթը (1972), որոնցում տան և հարազատության կորուստը վերապրող սերնդի կյանքը հեղինակը ներկայացնում է իբրև օտարությանը բացվելու և այն փորձառելու մի հնարավորություն: Որբունին Սփյուռքի առաջին այն հեղինակներից է, ով գրականությամբ ներանձնական կերպով վերապրում է Սփյուռքը որպես մի կողմից` հայրենիքի ու տան անդարձ կորստի ողբերգություն, մյուս կողմից` մտավորական ենթակայության կայացման հնարավորություն: Ուստի, պատահական չէ, որ վիպաշարի խորագիրը կրում, իսկ հեղինակի մականունը վավերացնում է 20-րդ դարի հայկական ինքնության հարակարծային հենց ա՛յս փորձառությունը: Սույն հրատարակությունը իրականացվել է վեպերի առաջին հրատարակություննների, պահպանված բնագրերի և բնագրային արժեք ունեցող ֆրանսերեն թարգմանությունների միջև առկա բնագրագիտական տարբերությունները նշող ծանոթագրություններով: Հատորը համալրված է Մարկ Նշանեանի «Գրականութիւը որպէս «սրբագրութիւն»» հետազոտությամբ:

Դավիթ փիլիսոփան

 

Միսաք Խոստիկյան
Կազմող և ընդհանուր խմբագիր՝ Վարդան Ազատյան
Երևան, Հովհաննիսյան ինստիտուտ, 2020
ISBN 978-9939-9176-2-7

Գիրքը կրոնափիլիսոփա Միսաք Խոստիկյանի՝ 1907 թվականին Բեռնի համալսարանում պաշտպանած դոկտորական ավարտաճառի հայերեն գիտական հրատարակությունն է՝ հանդիպադիր գերմաներեն բնագրով և ծավալուն ծանոթագրություններով։ Գրքում հրատարակված են նաև Խոստիկյանի՝ Հայաստանում ծավալած գործունեության տարբեր շերտերը բացահայտող արժեքավոր վավերագրեր, ինչպես և ուսանողական շրջանից դեռևս անտիպ պաշտոնական գրություններ և նամակներ։ Հատորն ամփոփում է փիլիսոփայի կյանքն ու գործունեությունն արծարծող քննական հավելվածը, որտեղ տեղ են գտել Աշոտ Գրիգորյանի և Վարդան Ազատյանի ուսումնասիրությունները։ Վերջին էջերում ընթերցողը կգտնի Խոստիկյանի կյանքի և գործի առաջին անգամ ի մի բերված համառոտ տարեգրությունը։

Ակեղդամա, h. 1

 

Վաչե Սարգսյան
Երևան, Հովհաննիսյան ինստիտուտ, 2019
ISBN 978-9939-9176-3-4

Վաչե Սարգսյանի Ակեղդամա վեպը սիբիրյան աքսորի խորհրդահայ գրականության անհայտ մնացած կոթողային նմուշ է: Հեղինակը վեպն սկսել է գրել 1960-ական թթ.` ՊԱԿ-ի ու գուլագյան ճամբարներում 16-ամյա ազատազրկումից վերադառնալուց հետո: Գեղարվեստական ատաղձով այս վկայագրության մեջ հեղինակը վերակերտում է աքսորի իր ընկերների կերպաներն ու վերաներկայում աքսորական իր փորձառությունը: Սարգսյանը ձերբակալվել է 1941 թ․, երբ տակավին պատանի սկսել էր դասավանդել Վերին Թալին գյուղի դպրոցում։ 1956 թ. խրուշչովյան քաղաքականության համատեքստում նա արդարացվում է և վերադառնալով աքսորից շարունակում հանրային ու գրական իր գործունեությունը` հարելով ժամանակի ազատական շարժումներին: Վեպի առաջին` Անկրկնելի պատմություն հատորը հրատարակվում է առաջին անգամ։ Հրատարակությունն ուղեկցվում է Վաչե Սարգսյանի կյանքի և գործունեության, ինչպես նաև աքսորական գրականության շուրջ Սիրանուշ Դվոյանի քննական հետազոտությամբ։ Քննական այս հրատարակությունն ընդգրկում է նաև վեպի հրատարակության շուրջ փաստաթղթեր:

Ովքեր արեցին հեղափոխությունը

 

Վարդան Ազատյան
Երևան, Հովհաննիսյան ինստիտուտ, 2019
ISBN 978-9939-9176-1-0

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխության տարելիցի կապակցությամբ հրատարակվող այս գրքույկը եղելության հեղինակի ըմբռնումն է ներկայացնում: Կատարվածը մտածելու, իրադարձն իրենով իսկ ըմբռնելու նպատակ ունի գրքույկը: Ու քանի որ հեղափոխություններն էապես ստեղծագործական գործընթացներ են, դրանց համարժեք ըմբռնումը չի կարող հաջողել առանց երևակայող մտածողության: Գրքույկը, ուստի, ոչ թե հեղափոխության վերլուծություն է, այլ հեղափոխություն անելու ընդունակ հայաստանյան մշակութային ուժերի փիլիսոփայական վերհանում:

Որբաքաղաքը․ նպաստամատույց աշխատողներ, կոմիսարներ և «նոր Հայաստանը կառուցողներ», Ալեքսանդրապոլ/Լենինական 1919-1931

 

Նորա Ն․ Ներսեսյան
Անգլերենից նախնական թարգմանությունը՝ Հասմիկ Հարությունյանի
Բնագրի հետ համեմատությամբ խմբագրեց՝ Ռուզաննա Գրիգորյանը
Երևան, Հովհաննիսյան ինստիտուտ, 2018
ISBN 978-9939-9176-0-3

Որբաքաղաքը ներկայացնում է Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրիի) նախկին ցարական ռազմական պոստերի՝ Կազաչիի, Սևերսկիի և Պոլիգոնի զորանոցներում տեղակայված որբանոցների 1919-1931 թթ. պատմությունը։ Որբանոցների պատմության այս բացառիկ նմուշը՝ անտիպ և տպագիր, տեղական և միջազգային հրատարկությունների, հոդվածների, հետազոտությունների, զեկուցագրերի, հուշագրությունների, լուսանկարների, բնագրային և արխիվային նյութերի հետ աշխատանքի իր ծավալով, ոչ միայն ընթերցողին տարբեր կողմերից հասու է դարձնում տասնյակ հազարավոր որբերի պատմությունները, այլև լույս է սփռում այդ շրջանի պատմական և քաղաքական այն անցքերի վրա, որոնց բովում մեծանում, դաստիարակվում և կրթվում էին որբերը։ «Որբաքաղաքը» մի յուրահատուկ դիտակետ է՝ հասկանալու այդ շրջանի դաշնակցական, խորհրդային և ամերիկյան քաղաքականությունները, դրանց հակասություններն ու փոփոխվող նրբերանգները։

Լուսանկարչության հարցեր

 

Կարին Գրիգորյան, Վահե Բուդումյան
Երևան, Հովհաննիսյան ինստիտուտ, Ակտուալ արվեստ, 2017
ISBN 978-9939-816-99-9

Լուսանկարչության հարցեր գիրքը լուսանկարչության մասին ուսումնական ձեռնարկ է: Գրքի հեղինակներ Կարին Գրիգորյանը և Վահե Բուդումյանն ունեն լուսանկարչության շուրջ տեքստերի թարգմանության և դասավանդման տարիների փորձ, ինչը և երևան է բերել լուսանկարչության մասին դասագիրք ունենալու այսօրվա կարիքը: Գիրքն ունի երկու փոխլրացնող բաժին՝ առաջինն արծարծում է լուսանկարչության պատմա-տեսական, երկրորդը՝ տեխնիկական հարցերը: Գրքի վերջում ընթերցողը կգտնի մասնագիտական եզրերի բառարան:Գիրքը հրատարակվել է Ակտուալ արվեստ հրատարակչության հետ համատեղ:

Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը

 

Աշոտ Հովհաննիսյան
Կազմող և ընդհանուր խմբագիր՝ Վարդան Ազատյան
Երևան, Հովհաննիսյան ինստիտուտ, 2016
ISBN 978-9939-1-0315-0

Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը գիրքը «Ներքին գրոց» մատենաշարի առաջին հատորն է, պատմաբան և քաղաքական գործիչ Աշոտ Հովհաննիսյանի՝ 1913 թվականին Մյունխենում պաշտպանած դոկտորական ավարտաճառի հայերեն գիտական հրատարակությունը՝ հանդիպադիր գերմաներեն բնագրով: Գիրքը համալրված է Հովհաննիսյանի աշխատանքային նոթերով, ինչպես նաև ծավալուն ծանոթագրություններով, որոնք թույլ են տալիս տեսնել ավարտաճառի զարգացումն ընդհուպ մինչև նրա երկհատոր ուսումնասիրությունը՝ Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության: Գրքում հրատարակված են նաև Հովհաննիսյանի գերմանացի պրոֆեսորների կարծիքներն իրենց ուսանողի ավարտաճառի մասին, ինչպես նաև ավելի ուշ՝ 1955 թվականին նույն թեմայով Երևանում պաշտպանած իր դոկտորական ատենախոսության առիթով ասված ճառը: Գիրքն ամփոփում է Հովհաննիսյանի կյանքի ու գործի մասին Վարդան Ազատյանի ուսումնասիրությունը:

Պատկեր, պատում, պատմութիւն, հ. 1

 

Մարկ Նշանեան
Երևան, Ակտուալ արվեստ, Հովհաննիսյան ինստիտուտ, 2015
ISBN 978-9939-816-84-5

Ժամանակակից սփյուռքահայ փիլիսոփա և գրականագետ Մարկ Նշանեանի Պատկեր, պատում, պատմութիւն երկհատոր աշխատությունը փիլիսոփայական ուսումնասիրություն է՝ նվիրված ժամանակակից մտքի համար ուշագրավ հիշյալ երեք խնդիրներին: Ուսումնասիրությունը վերաբերում է 20-րդ դարի ֆրանսիացի և սփյուռքահայ հեղինակներ Մորիս Բլանշոյի, Ժորժ Բատայի, Գրիգոր Պըլտեանի, Զապէլ Եսայեանի, Շահան Շահնուրի և Զարեհ Որբունու գրություններին: Գրքի առաջին հատորը նվիրված է Մորիս Բլանշոյի և Ժորժ Բատայի գրական և փիլիսոփայական ստեղծագործությանը, որը Նշանեանը դիտարկում է վերապրողի և պատկերի փոխհարաբերության հարցի տեսակետից:

Պատկեր, պատում, պատմութիւն, հ. 2

 

Մարկ Նշանեան
Երևան, Ակտուալ արվեստ, Հովհաննիսյան ինստիտուտ, 2016
ISBN 978-9939-816-96-8

Գրքի երկրորդ հատորը նվիրված է արևմտահայ չորս գրողների՝ Զապէլ Եսայեանի, Գրիգոր Պըլտեանի, Շահան Շահնուրի և Զարեհ Որբունու ստեղծագործությանը: Նշանեանը վերջինս դիտարկում է վերապրողի կերպարի, այդ կերպարի շուրջ հարուցված խնդիրների և սրանցում՝ պատկերի հետապնդող ներկայության տեսանկյունից:

Հանրային ոլորտի և հասարակայնության միջև

 

Խմբագիր՝ Վարդան Ազատյան
Երևան, Ուտոպիանա, Հովհաննիսյան ինստիտուտ, 2014
ISBN 978-9939-1-0128-6

Հանրային ոլորտի և հասարակայնության միջև հոդվածների ժողովածուն Հովհաննիսյան ինստիտուտի և Ուտոպիանա մշակութային-ստեղծագործական կազմակերպության համատեղ ջանքերի արդյունք է՝ իրականացված Spaces ծրագրի շրջանակում: Ժողովածուն կազմել է Վարդան Ազատյանը, համալրել՝ ընդարձակ ներածությամբ: Ժողովածուում ընդգրկված նյութերը՝ քննարկելով հանրայինի տարբեր դրսևորումներն ու հանրայինն ինքը, տրամադրում են հանրայինը մտածելու ուղիներ: Ժողովածուն կարելի է դիտարկել որպես 2007 թվականին Արվեստի քննադատների ազգային ասոցացիայի (ICA – Armenia) հրատարակած Հանրային ոլորտ. վիճարկման և վերըմբռնման միջև համանման ժողովածուի (խմբ․ Վ․ Ազատյան) շարունակությունը: