Տեսանելիք․ Կենդանիներ |
|
|
Երևան, Հովհաննիսյան ինստիտուտ, 2025 «Տեսանելիքը» մանկական մատենաշար է, որի նպատակն է արվեստի միջոցով զարգացնել երեխաների ստեղծագործական մտածողությունը և աշխարհի զգայական ճանաչողությունը։ Արվեստը սովորականը տեսանելի ու ուշարժան դարձնելու ուժ ունի։ «Տեսանելիք» մատենաշարը զգայարանների՝ նախևառաջ տեսանելիքի միջոցով աշխարհը նորորեն տեսնելը մեր անելիքը դարձնելու նպատակ ունի։ «Տեսանելիքի» առաջին հատորը նվիրված է կենդանիներին՝ մեր ամենօրյա կյանքի անբաժանելի մասնակիցներին։ Մարդը կենդանիների հետ նմանության ու տարբերության բարդ փոխհարաբերության մեջ է։ Արվեստի միջոցով կենդանիների հետ շփումը շրջապատի ու միմյանց նկատմամբ հոգատար վերաբերմունք զարգացնելու հնարավորություն է։ Մատենաշարն իրականացվում է Լիլիթ Անտոնյան-Կոնոպլյովայի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ։ |
![]() |
Հալածուածները, հ․ 3 |
|
|
Զարեհ Որբունի Զարեհ Որբունու վիպային գործերի քննական հրատարակության երրորդ հատորն ընդգրկում է Հալածուածները շարքի վերջին չորս գործերը` Եւ եղեւ մարդ (1964), Զի քո է կարողութիւն (1977), Մոնիք կամ Ասֆալթը երկու (1978) և Ջրհեղեղէն առաջ, որի գրությունը ձգվում է 1956-1980 թվականների միջակայքում: Երկրորդ բաժնում զետեղված են 1930-1970-ական թվականներին տարբեր հանդեսների մեջ լույս տեսած Ազատութիւն բանատարկեալ (1937), Մարդուն մորթը (1940), Հալածուածները (հատուած մը համանուն վէպէն) և Ֆրանսուազը (1972) գործերը, որոնք բացի երրորդից, հատվածներ են վեպերից, որոնք Որբունին չի ավարտել: Բաժիններից դուրս ևս երկու գործեր են տեղ գտել հատորում` Մահազդ վեպը (1980), որ հավանաբար գրողի վերջին ավարտուն գործն է և Կենսագրական շաղակրատութիւն մը Գուրգէն Մահարիի հետ ինքնակենսագրականը, որ Որբունին գրել է 1960-ական թվականներին Գուրգեն Մահարու հորդորով: Հատորը կազմել և աշխատասիրել է Գրիգոր Պըլտեանը, գրքի ընդհանուր խմբագիրն է Սիրանուշ Դվոյանը: |
![]() |
Ազատագրություն և հեղափոխություն. քննական փորձեր արդի հայոց պատմության |
|
|
Ժիրայր Լիպարիտյան Ժիրայր Լիպարիտյանի Ազատագրություն և Հեղափոխություն. քննական փորձեր արդի հայոց պատմության գիրքն ամփոփում է դիվանագետ-պատմաբանի՝ հայոց արդի պատմության հանգուցային կետերի շուրջ հետազոտություններն ու մտորումները։ Ժողովածուում ներառված հոդվածները գրվել են 1980-ականներից ընդհուպ մինչև 2020-ականներն ընկած ժամանակահատվածում։ Հատորն իր ամբողջության մեջ փորձ է քննական հայացքով հասկանալու արդի հայկական սփյուռքի և Հայաստանի Հանրապետության հիմքում ընկած քաղաքական կազմակերպությունների ակունքներն ու բնույթը, ինչպես նաև դրանց հարաբերությունը Հայ առաքելական եկեղեցու հետ։ Գրքում ներկայացված հոդվածների մեծամասնությունն արևելահայերեն է՝ թարգմանված անգլերեն բնօրինակից։ Հատորի հրատարակությունը հնարավոր է դարձել Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան և անհատ նվիրատվության շնորհիվ: |
![]() |
Հետարդիական կացությունը և նրա քննադատները |
|
|
Կազմեց, ծանոթագրեց և վերջաբանը գրեց Վարդան Ազատյանը Հովհաննիսյան ինստիտուտն արդիացման հարցերն ուսումնասիրելու համատեքստում լույս ընծայեց Հետարդիական կացությունը և նրա քննադատները ժողովածուն: Գիրքը կազմել և ծանոթագրել է Վարդան Ազատյանը, որը նաև հատորի վերջադիր հետազոտության հեղինակն է: Ժամանակակից արևմտյան մտքի դասականների այս ընտրանին ամփոփում է ներկայի փիլիսոփայական գնահատման և փիլիսոփայական մտքի այժմեության շուրջ արևմտյան հեղինակների բանավեճերը։ Ֆրեդրիկ Ջեյմսոնի և Ռիչարդ Ռորթիի տեքստերն անդրադառնում են «հետարդիական կացության»՝ Յուրգեն Հաբերմասի և Ժան-Ֆրանսուա Լիոտարի հեղինակավոր վերլուծություններին: Այս հատորը կարելի է ուղեկցող հատորը համարել «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի» շրջանակում վերջերս լույս տեսած՝ Ժան-Ֆրանսուա Լիոտարի Հետարդիական կացություն գրքի: |
![]() |
Ակեղդամա, h. 2 |
|
|
Վաչե Սարգսյան Խորհրդահայ գրող Վաչե Սարգսյանի Ակեղդամա վեպի երկրորդ Հավերժական սառածություն. Նամակներ Սոնյա Կարոլին հատորը ներառում է հեղինակի մինչ այժմ անտիպ վեպը, որը գրվել է 1966-ին` հեղինակի` գուլագյան ճամբարներում 16-ամյա ազատազրկումից վերադառնալուց հետո, և վերամշակվելով ավարտին հասել 1986-ին: Վեպը շարունակում է առաջին` Անկրկնելի պատմություն գրքի գլխավոր հերոսի` Վազգեն Դարբինյանի ճամբարային ճանապարհորդությունները, որի միջով բացվում են աքսորական փակ կյանքի ներսում ձևավորված սովորություններն իրենց ներքին բարդություններով: Հատորը համալրված է ընտանեկան արխիվներից վերցրած փաստաթղթերով, որոնք իրենց հերթին լույս են սփռում ստալինյան քաղաքականությունների մինչ այժմ աննկատ մնացած կողմերի վրա: Հատորը կազմել և խմբագրել է Սիրանուշ Դվոյանը: |
![]() |
Հալածուածները, հ. 2 |
|
|
Զարեհ Որբունի Զարեհ Որբունու վիպային գործերի քննական հրատարակության երկրորդ հատորը ներառում է Հալածուածները վիպաշարի չորրորդ` Սովորական օր մը (1974) և հինգերորդ` մինչ այժմ անտիպ Տիգրանը (գրված` 1973-1979 թթ.) գործերը: Երկու վեպերն էլ պատկերում են օտարության փորձառությունը Սփյուռքում, մասնավորապես` Փարիզում և Մարսելում: Առաջինը մեկօրյա, իսկ երկրորդը` վեց օրվա իրադարձությունների ամբողջական մի շղթա է ներկայացնում: Տիգրանով գլխավոր հերոսի և հանգամանքների բերումով տեղի է ունենում մի էական շրջադարձ: Տիգրանը, ինչպես վիպաշարի առաջին հատորների հերոսները, հալածյալ լինելով` հալածյալ է նաև ինքն իրենից: Հատորը համալրված է ծանոթագրություններով, որոնք արխիվային անտիպ նյութերի հիման վրա ի հայտ են բերում Որբունու գրականության մեջ ավարտուն բնագրի հասնելու ճանապարհն ու ստեղագործական բարդությունները: Հատորը կազմել և աշխատասիրել է Գրիգոր Պըտեանը, գրքի ընդհանուր խմբագիրն է Սիրանուշ Դվոյանը: |
![]() |
Հալածուածները, հ. 1 |
|
|
Զարեհ Որբունի Ֆրանսահայ գրող Զարեհ Որբունու (Էօքսիւզեան) եռահատոր հրատարակության առաջին հատորում ամփոփված են հեղինակի Հալածուածները վիպաշարի առաջին երեք վեպերը` Փորձը (1929), Թեկնածուն (1967) և Ասֆալթը (1972), որոնցում տան և հարազատության կորուստը վերապրող սերնդի կյանքը հեղինակը ներկայացնում է իբրև օտարությանը բացվելու և այն փորձառելու մի հնարավորություն: Որբունին Սփյուռքի առաջին այն հեղինակներից է, ով գրականությամբ ներանձնական կերպով վերապրում է Սփյուռքը որպես մի կողմից` հայրենիքի ու տան անդարձ կորստի ողբերգություն, մյուս կողմից` մտավորական ենթակայության կայացման հնարավորություն: Ուստի, պատահական չէ, որ վիպաշարի խորագիրը կրում, իսկ հեղինակի մականունը վավերացնում է 20-րդ դարի հայկական ինքնության հարակարծային հենց ա՛յս փորձառությունը: Սույն հրատարակությունը իրականացվել է վեպերի առաջին հրատարակություննների, պահպանված բնագրերի և բնագրային արժեք ունեցող ֆրանսերեն թարգմանությունների միջև առկա բնագրագիտական տարբերությունները նշող ծանոթագրություններով: Հատորը համալրված է Մարկ Նշանեանի «Գրականութիւը որպէս «սրբագրութիւն»» հետազոտությամբ: |
![]() |
Դավիթ փիլիսոփան |
|
|
Միսաք Խոստիկյան Գիրքը կրոնափիլիսոփա Միսաք Խոստիկյանի՝ 1907 թվականին Բեռնի համալսարանում պաշտպանած դոկտորական ավարտաճառի հայերեն գիտական հրատարակությունն է՝ հանդիպադիր գերմաներեն բնագրով և ծավալուն ծանոթագրություններով։ Գրքում հրատարակված են նաև Խոստիկյանի՝ Հայաստանում ծավալած գործունեության տարբեր շերտերը բացահայտող արժեքավոր վավերագրեր, ինչպես և ուսանողական շրջանից դեռևս անտիպ պաշտոնական գրություններ և նամակներ։ Հատորն ամփոփում է փիլիսոփայի կյանքն ու գործունեությունն արծարծող քննական հավելվածը, որտեղ տեղ են գտել Աշոտ Գրիգորյանի և Վարդան Ազատյանի ուսումնասիրությունները։ Վերջին էջերում ընթերցողը կգտնի Խոստիկյանի կյանքի և գործի առաջին անգամ ի մի բերված համառոտ տարեգրությունը։ |
![]() |
Ակեղդամա, h. 1 |
|
|
Վաչե Սարգսյան Վաչե Սարգսյանի Ակեղդամա վեպը սիբիրյան աքսորի խորհրդահայ գրականության անհայտ մնացած կոթողային նմուշ է: Հեղինակը վեպն սկսել է գրել 1960-ական թթ.` ՊԱԿ-ի ու գուլագյան ճամբարներում 16-ամյա ազատազրկումից վերադառնալուց հետո: Գեղարվեստական ատաղձով այս վկայագրության մեջ հեղինակը վերակերտում է աքսորի իր ընկերների կերպաներն ու վերաներկայում աքսորական իր փորձառությունը: Սարգսյանը ձերբակալվել է 1941 թ․, երբ տակավին պատանի սկսել էր դասավանդել Վերին Թալին գյուղի դպրոցում։ 1956 թ. խրուշչովյան քաղաքականության համատեքստում նա արդարացվում է և վերադառնալով աքսորից շարունակում հանրային ու գրական իր գործունեությունը` հարելով ժամանակի ազատական շարժումներին: Վեպի առաջին` Անկրկնելի պատմություն հատորը հրատարակվում է առաջին անգամ։ Հրատարակությունն ուղեկցվում է Վաչե Սարգսյանի կյանքի և գործունեության, ինչպես նաև աքսորական գրականության շուրջ Սիրանուշ Դվոյանի քննական հետազոտությամբ։ Քննական այս հրատարակությունն ընդգրկում է նաև վեպի հրատարակության շուրջ փաստաթղթեր: |
![]() |
Ովքեր արեցին հեղափոխությունը |
|
|
Վարդան Ազատյան 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխության տարելիցի կապակցությամբ հրատարակվող այս գրքույկը եղելության հեղինակի ըմբռնումն է ներկայացնում: Կատարվածը մտածելու, իրադարձն իրենով իսկ ըմբռնելու նպատակ ունի գրքույկը: Ու քանի որ հեղափոխություններն էապես ստեղծագործական գործընթացներ են, դրանց համարժեք ըմբռնումը չի կարող հաջողել առանց երևակայող մտածողության: Գրքույկը, ուստի, ոչ թե հեղափոխության վերլուծություն է, այլ հեղափոխություն անելու ընդունակ հայաստանյան մշակութային ուժերի փիլիսոփայական վերհանում: |
![]() |
Որբաքաղաքը․ նպաստամատույց աշխատողներ, կոմիսարներ և «նոր Հայաստանը կառուցողներ», Ալեքսանդրապոլ/Լենինական 1919-1931 |
|
|
Նորա Ն․ Ներսեսյան Որբաքաղաքը ներկայացնում է Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրիի) նախկին ցարական ռազմական պոստերի՝ Կազաչիի, Սևերսկիի և Պոլիգոնի զորանոցներում տեղակայված որբանոցների 1919-1931 թթ. պատմությունը։ Որբանոցների պատմության այս բացառիկ նմուշը՝ անտիպ և տպագիր, տեղական և միջազգային հրատարկությունների, հոդվածների, հետազոտությունների, զեկուցագրերի, հուշագրությունների, լուսանկարների, բնագրային և արխիվային նյութերի հետ աշխատանքի իր ծավալով, ոչ միայն ընթերցողին տարբեր կողմերից հասու է դարձնում տասնյակ հազարավոր որբերի պատմությունները, այլև լույս է սփռում այդ շրջանի պատմական և քաղաքական այն անցքերի վրա, որոնց բովում մեծանում, դաստիարակվում և կրթվում էին որբերը։ «Որբաքաղաքը» մի յուրահատուկ դիտակետ է՝ հասկանալու այդ շրջանի դաշնակցական, խորհրդային և ամերիկյան քաղաքականությունները, դրանց հակասություններն ու փոփոխվող նրբերանգները։ |
![]() |
Լուսանկարչության հարցեր |
|
|
Կարին Գրիգորյան, Վահե Բուդումյան Լուսանկարչության հարցեր գիրքը լուսանկարչության մասին ուսումնական ձեռնարկ է: Գրքի հեղինակներ Կարին Գրիգորյանը և Վահե Բուդումյանն ունեն լուսանկարչության շուրջ տեքստերի թարգմանության և դասավանդման տարիների փորձ, ինչը և երևան է բերել լուսանկարչության մասին դասագիրք ունենալու այսօրվա կարիքը: Գիրքն ունի երկու փոխլրացնող բաժին՝ առաջինն արծարծում է լուսանկարչության պատմա-տեսական, երկրորդը՝ տեխնիկական հարցերը: Գրքի վերջում ընթերցողը կգտնի մասնագիտական եզրերի բառարան:Գիրքը հրատարակվել է Ակտուալ արվեստ հրատարակչության հետ համատեղ: |
![]() |
Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը |
|
|
Աշոտ Հովհաննիսյան Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը գիրքը «Ներքին գրոց» մատենաշարի առաջին հատորն է, պատմաբան և քաղաքական գործիչ Աշոտ Հովհաննիսյանի՝ 1913 թվականին Մյունխենում պաշտպանած դոկտորական ավարտաճառի հայերեն գիտական հրատարակությունը՝ հանդիպադիր գերմաներեն բնագրով: Գիրքը համալրված է Հովհաննիսյանի աշխատանքային նոթերով, ինչպես նաև ծավալուն ծանոթագրություններով, որոնք թույլ են տալիս տեսնել ավարտաճառի զարգացումն ընդհուպ մինչև նրա երկհատոր ուսումնասիրությունը՝ Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության: Գրքում հրատարակված են նաև Հովհաննիսյանի գերմանացի պրոֆեսորների կարծիքներն իրենց ուսանողի ավարտաճառի մասին, ինչպես նաև ավելի ուշ՝ 1955 թվականին նույն թեմայով Երևանում պաշտպանած իր դոկտորական ատենախոսության առիթով ասված ճառը: Գիրքն ամփոփում է Հովհաննիսյանի կյանքի ու գործի մասին Վարդան Ազատյանի ուսումնասիրությունը: |
![]() |
Պատկեր, պատում, պատմութիւն, հ. 1 |
|
|
Մարկ Նշանեան Ժամանակակից սփյուռքահայ փիլիսոփա և գրականագետ Մարկ Նշանեանի Պատկեր, պատում, պատմութիւն երկհատոր աշխատությունը փիլիսոփայական ուսումնասիրություն է՝ նվիրված ժամանակակից մտքի համար ուշագրավ հիշյալ երեք խնդիրներին: Ուսումնասիրությունը վերաբերում է 20-րդ դարի ֆրանսիացի և սփյուռքահայ հեղինակներ Մորիս Բլանշոյի, Ժորժ Բատայի, Գրիգոր Պըլտեանի, Զապէլ Եսայեանի, Շահան Շահնուրի և Զարեհ Որբունու գրություններին: Գրքի առաջին հատորը նվիրված է Մորիս Բլանշոյի և Ժորժ Բատայի գրական և փիլիսոփայական ստեղծագործությանը, որը Նշանեանը դիտարկում է վերապրողի և պատկերի փոխհարաբերության հարցի տեսակետից: |
![]() |
Պատկեր, պատում, պատմութիւն, հ. 2 |
|
|
Մարկ Նշանեան Գրքի երկրորդ հատորը նվիրված է արևմտահայ չորս գրողների՝ Զապէլ Եսայեանի, Գրիգոր Պըլտեանի, Շահան Շահնուրի և Զարեհ Որբունու ստեղծագործությանը: Նշանեանը վերջինս դիտարկում է վերապրողի կերպարի, այդ կերպարի շուրջ հարուցված խնդիրների և սրանցում՝ պատկերի հետապնդող ներկայության տեսանկյունից: |
![]() |
Հանրային ոլորտի և հասարակայնության միջև |
|
|
Խմբագիր՝ Վարդան Ազատյան Հանրային ոլորտի և հասարակայնության միջև հոդվածների ժողովածուն Հովհաննիսյան ինստիտուտի և Ուտոպիանա մշակութային-ստեղծագործական կազմակերպության համատեղ ջանքերի արդյունք է՝ իրականացված Spaces ծրագրի շրջանակում: Ժողովածուն կազմել է Վարդան Ազատյանը, համալրել՝ ընդարձակ ներածությամբ: Ժողովածուում ընդգրկված նյութերը՝ քննարկելով հանրայինի տարբեր դրսևորումներն ու հանրայինն ինքը, տրամադրում են հանրայինը մտածելու ուղիներ: Ժողովածուն կարելի է դիտարկել որպես 2007 թվականին Արվեստի քննադատների ազգային ասոցացիայի (ICA – Armenia) հրատարակած Հանրային ոլորտ. վիճարկման և վերըմբռնման միջև համանման ժողովածուի (խմբ․ Վ․ Ազատյան) շարունակությունը: |
![]() |




















